Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է

Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է
26.06.2024 | 12:01

«Փախչիլ չեմ կըրնար, պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա կենալ»:

Գր. ԶՈՀՐԱՊ

Գրիգոր Զոհրապը բացառիկ ինքնատիպ, նորարար և ժամանակի առաջընթաց ոգու դրոշմը կրող մեծ արվեստագետ էր, որը մնայուն արժեքներով հարստացրեց մեր գրականությունը։ Լայն է նրա մտահորիզոնը․ գրականություն, իրավագիտություն, հրապարակախոսություն, քննադատություն, մանկավարժություն․․․

Այսօր «նորավեպի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է։

«Պերճաբան էր Զոհրապ, բառի ամենալայն իմաստով, ճիշտ այնպես կխոսեր, ինչպես որ կգրեր։ ՈՒր որ ալ ըլլար` խորհրդարան, ազ­գային երեսփոխանական ժողով, որևէ ընկե­րական հավաքույթ, գրական երեկո, իրենց տունը, մեր տունը, երբ Զոհրապն էր խոսողը, բոլորը կլռեին և բերանաբաց կլսեին։ Ան կնկարեր, կքանդակեր կարծես իր պատմածը»,- հիշում է Հռիփսիմե Սերինկյուլյանը։

Եվ պատահական չէ, որ ի պաշտպանություն ֆրանսիական բանակի սպա Դրեյֆուսի գրված պաշտպանականը կարողացել էր մեծ ազդեցություն ունենալ եվրոպական դատարանում:

Զոհրապի համամարդկային գաղափարների մասին վկայող ամենակարևոր քայլն է սա։

Ողջ աշխարհով մեկ լայն արձագանքներ գտած այս դատավարությանը Զոհրապը մասնակցում է որպես դատապաշտպան և այնպիսի պատասխանատվությամբ մոտենում հարցին, որ կարծես թե դատավարությանը մասնակցած լիներ սեփական երկրում:

Զոհրապը դատավարության ժամանակ պնդում է, որ Դրեյֆուսին մեղադրանք է ներկայացվել լոկ հրեա լինելու համար:

Չէ՞ որ լինելով Մեջլիսի պատգամավոր՝ նա ոչ միայն հայերի, այլև Թուրքիայում ապրող բոլոր փոքր ժողովուրդների իրավունքների ջերմ պաշտպանն էր։ Այս դատավարությանը մասնակցելու համար նա պարգևատրվել է Դրեյֆուսի մանրանկարով` ոսկե շքանշանով։

Կինը՝ Կլարա Զոհրապը, հիշում է, որ իրենց տուն էին հաճախ գալիս հասարակ մարդիկ, բանվորներ, թուրք ամիրաներ, երբեմն նաև մեծահարուստներ՝ Զոհրապից որևէ օգնություն խնդրելու։ Եվ Զոհրապը երբևէ չի մերժել և որևէ մեկին։

Զոհրապն ազգային դեմք էր, նա հեղինակություն էր ինչպես ազգային, այնպես էլ օտար շրջանակներում։

Զոհրապը հիանալի ճանաչում էր Երիտթուրքերին, նա հիանալի հասկանում էր, թե ինչ է նախապատրաստվում։

Երբ մի առիթով Շիրվանզադեն նրան հուսադրում է, թե չի կարելի այդքան մռայլ լինել, նա պատասխանում է․

«Ես անոնց մեջ կապրիմ, ես կճանչնեմ թուրքը»։

Զոհրապը հասկանում էր նաև, թե ինչ ամպեր են կուտակվում իր գլխավերևում։ Մտերիմ ընկերներից Մարտեն Հակոբյանը հորդորում էր թողնել Պոլիսը և փախչել երկրից։ Զոհրապը մերժում է․

«ՈՒ՞ր փախչիմ և ինչպե՞ս։ Որու՞ թողում աս անգլուխ ու անտեր ժողովուրդը։ Չէ, փախչիլ չեմ կըրնար, պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա կենալ»։

Նա իր մահվան որոշումն «ստորագրեց» Թալեաթ փաշայի հետ ունեցած վերջին պատմական հանդիպման ժամանակ, երբ հայտարարեց․

«Կգա ժամանակ, երբ ձեզնից հաշիվ կըպահանջին»։

Թալեաթի հարցին, թե ով պիտի հաշիվ պահանջի, պատասխանել է՝ ես։

Շուտով գալիս է աքսորի հրամանը։ Նրան աքսորում են հայտնի դաշնակցական Վարդգես Սերինկյուլյանի հետ։

Զոհրապի ամբողջ հույսը կինն էր, որը Պոլսում ջանք չէր խնայում ամուսնուն օգնելու համար։

Հալեպից 1915 թ․ հուլիսի 2-ին Զոհրապը կնոջը գրում է․

«Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս, ալ վերջին վարագույրը կսկսի մեզի համար։ Իմ ինչ վիճակի մեջ ըլլալուս համար բացատրություն չեմ տար, որպեսզի քո քաջությունդ ալ չկոտրեմ։ Երկու անգամ է, որ լուսինը կտեսնիմ և քեզ ու զավակներս աչքիս առջև կբերեմ ու կհամբուրեմ։ Երրորդ լուսի՞նն ալ այսպես պիտի ըլլա արդյոք։ Վտանգի մեջ եմ, աշխատե, աշխատե։ Ավելի գրելու ուժ չունիմ, թե ողջ պիտի մնամ, զավակներուս վերջին պատվերս ու վերջին կտակս է, որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, քեզ պաշտեն ու սիրտդ չցավցնեն ու զիս

ալ հիշեն․․․»։

Վերջին գիշերն ՈՒրֆայում, երբ ժանդարմների խիստ հսկողությամբ Վարդգեսն ու Զոհրապը պահվում էին մի շինության մեջ, տեղի կտրիճների մի խումբ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ, որոշում է մի հանդուգն ծրագիր իրականացնել և ազատել Զոհրապին և Վարդգեսին։ Մկրտչին հաջողվում է տանիքից թափանցել այն սենյակը, որտեղ պահվում էին նրանք, սակայն երկուսն էլ կտրականապես մերժում են՝ պատճառաբանելով, թե դա ավելի կգրգռի թուրքերին՝ սաստկացնելու կոտորածը։

Մկրտիչը ձեռնունայն է դուրս գալիս շենքից՝ անեծքներ մրթմրթալով հայի հավերժական միամտության մասին:

Հուլիսի 6-ին, ճանապարհին ժանդարմաները կանգնեցնում են կառքը, նշան բռնում ու կրակում:

Կառքում Զոհրապն էր․․․

Օվսաննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 10349

Մեկնաբանություններ